Այսօր համայնքապետ են ընտրում Հայաստանի բորոլր տասը մարզերի 26 համայնքներում: Այս ընտրությունների քաղաքական նշանակությունը գերագնահատել պետք չէ, ամեն դեպքում՝ ընտրվում են պաշտոնյաներ, որոնք զբաղվելու են տեղական նշանակության ընտրություններով:
Բայց այսօրվա ընտրությունները գալիս են հիմնավորելու մի քանի միտումներ, որոնք արդեն բնորոշ են դառնում ՏԻՄ ընտրությունների համար:
Բոլոր 26 համայնքների գործող ղեկավարներն առաջադրվել են: Համոզված եմ՝ սա նրանց ոչ երկրորդ ու ոչ էլ նույնիսկ երրորդ ընտրությունն է ու դա նշանակում է, որ մենք գործ ունենք հանրապետությունում ձևավորված մի շերտի հետ, որը, ըստ էության, իրենով է արել հատկապես գյուղապետերի պաշտոնը՝ դա վերածելով «պապենկան բիզնեսի» պես մի բանի: Սա հակասում է տեղական ինքնակառավարման փիլիսոփայությանը՝ գյուղապետարանները, համայնաքային ղեկավարությանը դուրս դնելով ընտրողների իրական վերահսկողությունից: Սա էլ, իր հերթին, ծնում է ոչ արդյունավետ կառավարում ու կոռուպցիոն ռիսկեր:
Մյուս կողմից՝ գյուղերում, փոքր համայնքներում առկա է որակյալ կադրերի լուրջ դեֆիցիտ: 11 համայնքներում առաջադրված համայնքի ղեկավարները չունեն մրցակից: Սա ենթադրել է տալիս, որ արտագաղթը, համայնքներում կյանքի որակի անկումը վերացրել են մրցակցության բոլոր էլեմենտները: Մարդիկ, ովքեր ունեն որոշակի կրթական ցենզ, լքում են գյուղը կամ գերադասում են չմասնակցել ընտրական կեղտոտ մրցավազքին, որում գնահատվում են ոչ թե ծրագրերն ու խոսքը, այլ ֆինանսներն ու պատկանելությունը գյուղական կամ մարզային նշանակության որևէ կլանի, ընտանիքի:
Այսօր Հայաստանի 26 համայնքներում դարձյալ կընտրվեն ՀՀԿ անդամներ կամ անկուսակցականներ, ովքեր կառավարող կուսակցության հովանավորյալներն են:
Միայն ՀՅԴ-ն է մեկ թեկնածուով մասնակցում այսօրվա ընտրություններին:
Եռյակի անդամ կուսակցությունները, չնայած այն հանգամանքին, որ մարզերում իրենց կառույցները ամրապնդելու խնդիր են դրել, այս ընտրություններից բացակա են: Այս պարագայում անհասկանալի է տեղական շտաբներ բացելու մարտավարությունը, երբ մոբլոիզացվող մարդկանց ոչ համապետական, ոչ էլ տեղական խնդիրների լուծման ես առաջնորդում:
Ընդդիմությունը միշտ ձախողելու է՝ մինչև չհասկանա, որ իշխանության հասնելու բանալին ոչ թե Բաղրամյան 26-ում գտնվող շենքն է, այլ ՏԻՄ-երը, ամենօրյա աշխատանքն ընտրողների հետ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ